«Մարզերն էլ են Հայաստան...»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով պատգամավոր է ընտրվել Վանաձորի մեծամասնական ընտրատարածքից:
Մարուքյանի ակնարկն առավել քան թափանցիկ է. նա այդ մասին խոսել է նաև բյուջետային քննարկումների ժամանակ, նույն բովանդակությամբ հարցեր հրապարակայնացրել խորհրդարանական ամբիոնից: Պատգամավորը խոսում է հայաստանյան տխուր իրականություններից մեկի՝ մայրաքաղաքի ու մարզերի անհամաչափ զարգացման մասին, ինչի պատճառներից մեկը նաև այն է, որ կառավարությունը հաճախ սխալ բյուջետային քաղաքականություն է իրականացնում, ֆինանսական հոսքերը չի նպատակաուղղում երկրի համաչափ զարգացմանը:
Կոնտրաստ նկատելի է նույնիսկ Երևանի կենտրոնի ու, ասենք, ծայրամասի միջև: Վարչական, աշխարհագրական իմաստով՝ նույն մայրաքաղաքն է, սակայն գործ ունենք երկու տարբեր իրականությունների, ժամանակի ու ճաշակի, կյանքի որակի կոնտրաստի հետ: Նույնը նաև մարզերում է: Ասենք, նույն Մարուքյանի հարազատ Վանաձորը՝ նույնիսկ ամխիթար իր ներկայով, էապես ու որակապես ավելի բարվոք վիճակում է, քան մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող գյուղական համայնքները:
Զարգացման նման անհամաչափությունը բերում է տխուր հետևանքների: Դատարկվում են մարզերը, գյուղական համայնքները: Դա տեղի է ունենում, օրինակ, արտագաղթի կամ խոպան գնալու ձևով: Այցելեք Գեղարքունիքի մարզի գյուղերը ու կտեսնեք տղամարդկանց համատարած բացակայություն, որովհետև նրանք ճակատագրով կայուն «խոպանչի» են դարձել: Երկրի անհամաչափ զարգացումը հանգեցնում է նաև ուրբանիզացիայի մակարդակի բարձրացմանը, երբ մարդիկ գյուղերից մեկնում են մայրաքաղաք կամ շրջակա որևէ քաղաք:
Երբ ամեն ինչ կենտրոնանում է միայն մայրաքաղաքում կամ մի քանի քաղաքում, դա չի կարող նպաստել երկրի բնականոն զարգացմանը, տնտեսության արդյունավետությանը: էլ չասած այն մասին, որ Հայաստանի տիպի երկրների համար առկա է նաև անվտանգության խնդիր, որովհետև մարդկային ռեսուրսի դեֆիցիտը հարվածում է, առաջին հերթին, երկրի սահմանամերձ շրջաններին, հետևաբար՝ սպառնում է անվտանգությանը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ